ՆԳՆ-ն հորդորում է Փարաքարի և Գյումրու ընտրողներին կայքում ճշտել ընտրացուցակների իրենց տվյալները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

աա

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում մարտի 30-ին տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ։ Այս կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարարությունը ընտրողներին հորդորում է ՆԳՆ պաշտոնական կայքի ընտրացուցակներում (https://elections.mia.gov.am/) ստուգել իրենց տվյալները և ճշտել տեղամասային կենտրոնն ու հասցեն։

«Եթե Ձեր տվյալները չեք գտնի ընտրողների ցուցակում, ապա քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը՝ 20։00-ն, անհրաժեշտ է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժին՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։

Լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին դիմում ՄՔԾ տարածքային բաժին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք. 

  • հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն, դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից,
  • ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ՄՔԾ տարածքային բաժին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում,
  • հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում»,- ասվում է հայտարարության մեջ։

    --00—ՍՊ