«Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալը․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ԴԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գործունեությանն ու հատկապես նրանց նախաձեռնությամբ իրականացվող կադրային կասկածելի որոշումներին։

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի աշխատանքից ազատվել էր առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի երկարամյա փոխտնօրեն Գայանե Սահակյանը։ Առողջապահական համակարգում Գայանե Սահակյանը համարվում է արհեստավարժ կադր: Նա մեծ ներդրում է ունեցել հանրային առողջապահական, վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպման, այդ թվում՝ տասնամյակներ շարունակ բնակչության շրջանում պատվաստումների արդյունավետ իրականացման գործում։

Մինչեւ այդ՝ 2024 թվականի սկզբին, նախարար Անահիտ Ավանեսյանի ու Լենա Նանուշյանի թեթեւ ձեռքով աշխատանքից ազատվել էր նույն կենտրոնի գլխավոր տնօրեն Արտյոմ Վանյանը, որը նույնպես մեծ ավանդ ունի Հայաստանի Հանրապետությունում համաճարակաբանության զարգացման մեջ։ Հանրապետության այս կարեւորագույն կենտրոնում Վանյանին փոխարինել էր Ավանեսյանի եւ Նանուշյանի հովանավորյալ Ստեփան Աթոյանը, որն էլ սկսել է իրականացնել կադրային ջարդ՝ սկզբում աշխատանքից ազատելով հենց Գայանե Սահակյանին։

Օրեր առաջ «Հանրային աղմուկի» մասին լսումների ժամանակ երկրի բարձրագույն ամբիոնից՝ Ազգային ժողովից, Ստեփան Աթոյանն իր ելույթում երկու բոլորովին տարբեր հորմոններ՝ «կորտիզոլն» ու «ադրենալինը» համարեց նույնը՝ բառացիորեն ասելով հետեւյալ միտքը. «… կորտիզոլ, որը նույն ինքը՝ բոլորիս հայտնի ադրենալինն է…»:

Ցանկացած երկրում սա բժշկական կրթություն ունեցող տնօրենի համար վերջին խայտառակությունը կլիներ եւ պաշտոնը լքելու հիմնավոր պատճառ։ Բայց չեղավ: Նա շարունակում է պաշտոնավարել այդ խայտառակությունից հետո»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ