ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» ամերիկյան օրենքի («Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի մասին») վրացական տարբերակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
Օրենքին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք: Այն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և օրենսդիր մարմնի կայքում հրապարակվելուց հետո։
2025 թ․ փետրվարի սկզբին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ ընդունելու է ամերիկյան օտարերկրյա գործակալների ակտի վրացական տարբերակը: Կուսակցության ղեկավարների կարծիքով՝ նոր օրենքն ավելի արդյունավետ կլինի, քան 2024 թ. մայիսին ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն ուղղված է արտաքին ֆինանսավորում ստացող այն հասարակական կազմակերպությունների դեմ, որոնց իրական նպատակը երկրում հեղափոխական գործընթացներին աջակցելն է։ Վրացական օրենքն, ի տարբերություն ամերիկյանի, չի տարածվում ֆիզիկական անձանց վրա և ենթադրում է միայն տուգանքներ տարեկան եկամուտների մասին հայտարարագիր չներկայացնելու համար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ