«Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա». Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

04092581825edef749492b94977401393ececb

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ստրասբուրգում մասնակցում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Հարգելի՛ նախագահող,

Նախ, ուզում եմ շնորհավորել պարոն Շվաբեին՝ որպես զեկուցող, գերազանց զեկույցի համար, որը խիստ համապարփակ ներկայացրեց մեր կազմակերպության հիմնական մարտահրավերները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ:

Եվրոպայի խորհուրդը հիմնադրվել է իրավունքի գերակայության հանդեպ հարգանքի բարձրացման, ժողովրդավարության բարելավման և մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: Վերջին 75 տարիների ընթացքում մենք հասել ենք մեծ արդյունքների կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:

Արժե նշել, որ Եվրոպայի խորհուրդը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություն է: Մենք դարձանք չափանիշներ սահմանող կազմակերպություն բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Մենք հիմնել ենք ԳՐԵԿՈ-ն և գործարկել այլ հակակոռուպցիոն նախաձեռնություններ:

Մի քանի տարի առաջ մենք բոլորս ցնցվել էինք այն նորությունից, որ այս վեհաժողովը, որը ժողովրդավարական ֆորում է՝ կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով, ներառում էր անդամներ, ովքեր ներգրավված էին կոռուպցիոն պրակտիկաներում: Դա շոկ էր բոլորիս համար, և այդ կոռուպցիոն սկանդալները լրջորեն վնասեցին կազմակերպության հեղինակությունը: Այնուամենայնիվ, այս վեհաժողովի և նրա նվիրված անդամների որոշիչ գործողությունների շնորհիվ մենք կարողացանք շտկել իրավիճակը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա: Մենք պետք է լինենք զգոն և գերակտիվ մեր առօրյայում՝ հարմարվելով այն մարտահրավերներին, որոնց հանդիպում ենք: Մենք պետք է հաստատենք արդիականացված կանոններ, որոնք համապատասխանում են ներկա ստանդարտներին և սպասումներին:

Հստակ, պարզ և հասկանալի կանոնակարգերի հաստատումը, երբ առաջնահերթություն տրվի էթիկական ստանդարտներին, զգալիորեն կբարձրացնի մեր կազմակերպության հակակոռուպցիոն ջանքերը: Վեհաժողովի անդամների բարեվարքությունը պետք է լինի մեր շարունակական աշխատանքի հիմնաքարային սկզբունքը: Ես խստորեն հավատում եմ, որ մեր անդամների համար արդիականացված վարքագծի կոնոնագիրքը նոր չափանիշ կլինի բոլոր անդամ պետությունների համար:

Դժվար է հասկանալ, և նույնիսկ ավելի բարդ է բացատրել, թե ինչու այնպիսի կազմակերպությունում, որտեղ անդամների բարեվարքությունը համարվում է առանցքային սկզբունք, դեռ առկա են դեպքեր, երբ անդամները չեն ներկայացնում իրենց տարեկան հայտարարագրերը: Այնպես որ, նախագծում առաջարկված փոփոխությունները ժամանակին և հիմնավորված են:

Վեհաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է գործի այն գիտակցմամբ, որ ԵԽԽՎ անդամի կարգավիճակը չի տրվում որպես բնականոն երևույթ, այն տալիս է արտոնություններ և անձեռնմխելիություն, բայց նաև ենթադրում է բարձր էթիկական չափանիշներ և պարտականություններ: Անդամները պետք է հարգեն Եվրոպայի խորհուրդը, այս վեհաժողովը և դրա արժեքներն իրենց պաշտոնավարման ընթացքում և հետո: Յուրաքանչյուր ԵԽԽՎ անդամ, ով չի պահպանում այդ արժեքները, չպետք է շարունակի օգտվել իր պատվավոր կարգավիճակից:

Այսպիսով, դա կլինի մեր բարոյական պատասխանն այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն հարգում մեր կազմակերպության էությունը՝ անկախ նրանից, թե նրանք սովորական քաղաքացիներ են, թե խորհրդարանի անդամներ կամ պետությունների ղեկավարներ»,- նշել է հայկական պատվիրակության ներկայացուցիչը:

--00—ՅՄ