Դատախազությունը չի հստակեցնում՝ Ադրբեջանը հրաժարվե՞լ է 300 հայի նկատմամբ հետախուզումից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

աա

«Փաստինֆո»․ ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատում է, որ  ռազմական հանցագործ ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիի  նկատմամբ միջպետական հետախուզումը դադարեցվել է՝ պնդելով, որ դա փոխադարձ է, սակայն չի հստակեցնում՝ արդյո՞ք Ադրբեջանը նույն այդ «փոխադարձության» սկզբունքով դադարեցրել է հետախուզումը՝ մոտ 300 հայի նկատմամբ։ Հիշեցնենք, որ հետախուզվողների թվում են նաեւ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը,Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մի շարք այլ ազատամարտիկներ։ 

Մասնավորապես, երեկ ՆԳՆ-ի կողմից պաշտոնապես արդեն հաստատվել էր, որ ՀՀ-ն դադարեցրել է ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլիի նկատմամբ հետախուզումը, որը մեղադրվում է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում ռազմական հանցագործություն կատարելու, մասնավորապես, Հադրութում արցախցի անզեն, անպաշտպան ծերունուն գլխատելու մեջ։ Ընդ որում, թեև հետախուզում հայտարարված է եղել, ՀՀ-ն արդեն իսկ մեկ անգամ բաց է թողել նրա նկատմամբ ՀՀ-ում դատավարություն իրականացնելու հնարավորությունը։ Բացի այդ, Զեյնալլին ուշադրության կենտրոնում էր հայտնվել մինչև 44-օրյա պատերազմը։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, որի ժամանակ հայկական բանակը դաս տվեց ադրբեջանցի ագրեսորներին, Մոսկվայում սկսվեցին զանգվածային հալածանքներն ու հարձակումները հայերի վրա տեղի ադրբեջանական ավազակախմբերի կողմից։ Պարզվեց, հենց նույն Զեյնալլին էր վերահսկում նրանց գործողությունները։ Ավելին, նա հաստատել էր, որ Իլհամ Ալիևն է կանաչ լույս վառել իր գործողությունների համար։  2024թ․ փետրվարի 21-ին հայտնի էր դարձել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլին, որը ներկայանում է որպես ֆիթնես մարզիչ։

Արտահանձում, սակայն, տեղի չի ունեցել, քանի որ ՀՀ-ն «չի հասցրել» համապատասխան փաստաթղթերը ներկայացնել, արդյունքում՝ Զեյնալլին ընդամենը մի քանի ժամ ձերբակալված մնալուց հետո ազատ է արձակվել և տեղափոխվել Բաքու։ Օրերս սույն ադրբեջանցի Զեյնալլին հայտարարել էր, թե իր նկատմամբ միջազգային հետախուզումը ՀՀ-ն հետ է կանչել։ Ընդ որում, նրա խոսքից պարզ է դառնում, որ վերջինս միակ ռազմական հանցագործը չէ, որի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է։ ՔԿ-ից հրաժարվել էին այդ առնչությամբ մեկնաբանություն տալուց, դատախազությունից էլ՝ առաջարկել գրավոր հարցում ուղարկել, ինչն արել ենք։ Մինչ գրավոր հարցման պատասխանը ստանալը ՆԳՆ-ն արդեն հաստատել էր հետախուզման դադարեցման մասին։ 


 

--00—ՍՊ