ՀՀ-ի և Լիտվայի ՆԳՆ-ների միջև ստորագրվեց համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

491947533-638161335849361-6108498975776747781-n-770x_

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 14-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

Արփինե Սարգսյանը շնորհավորել է Վլադիսլավ Կոնդրատովիչին` նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի բարեկամական հարաբերությունները, որոնք արտացոլված են նաև միջգերատեսչական համագործակցության մակարդակում։

ՆԳ նախարարը կարևորել է ԵՄ ֆինանսավորմամբ և Լիտվայի ու Լատվիայի Հանրապետությունների իրականացմամբ կյանքի կոչված «Աջակցություն Հայաստանում իրավապահ համակարգի և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը, որի շրջանակում ֆինանսական ներդրումները գերազանցում են 2 մլն եվրոն։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է ծրագրի բաղադրիչների շրջանակում ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում իրականացված աշխատանքներին ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքներին։

Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով թե՛ իրավապահ ոլորտում, թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում առկա փոխգործակցությունը։

Քննարկվել են նաև վիզաների ազատականացման, սահմանային կառավարման, ոստիկանության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և Լիտվայի Հանրապետության ոստիկանության գլխավոր հանձնակատար, գեներալ Արունաս Պաուլաուսկասը ստորագրել են «Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության միջև երկկողմ համագործակցության ամրապնդման մասին 2025-2026 թվականների գործողությունների ծրագիրը»։

--00—ՅՄ