ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը այսօր բողոքի ակցիաներ է իրականացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության և դատախազության շենքերի առջև՝ ներկայացնելով իրենց վերաբերելի պահանջները։
Խորհուրդը դատախազությանը հաղորդում է ներկայացրել արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջել բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:
Արտգործնախարարությանը պահանջագիր է ներկայացվել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ:
Պահանջագրի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև՝
«Մենք պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ի դեմս արտգործնախարարության, ձեռնարկել մի շարք կոնկրետ միջոցներ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Ի թիվս բազմաթիվ այլ միջազգային մեխանիզմների ու հնարավորությունների՝ մենք առանձնացնում ենք հատկապես ներքոնշյալ միջոցները՝
1. Դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարին և Եվրոպայի Խորհրդին՝ նախաձեռնելու միջազգային մեխանիզմների մշակում ու ներդրում՝ ուղղված Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, կայուն և ինքնորոշված վերադարձի ապահովմանը։
2. Դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իր միջազգային մանդատի շրջանակներում մեկնարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորմանն ուղղված միջազգային գործընթաց և ապահովելու Արցախի ժողովրդի վերոնշյալ պայմաններով վերադարձն իր հայրենիք:
3. Դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի մասնագիտացված կառույցներին և Բաքվում դեսպանություն ունեցող պետություններին՝ հայերի շինծու «դատավարությունների» ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։
4. Դիմել որևէ չեզոք ու պատրաստակամ երկրի (օրինակ՝ Շվեյցարիային)՝ խնդրելով Բաքվում գտնվող իրենց դեսպանությունում ստեղծել «Հայկական շահերի բաժին» և ապահովել հայ գերիների համար հյուպատոսական ծառայության հասանելիությունը:
5. Գործարկել ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը՝ Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի իրավունքների հրատապ պաշտպանության նպատակով։
6. Հայ գերիների լիարժեք ու ապահով ազատ արձակումը դարձնել Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելիք ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրման անսակարկելի նախապայման։
7. Թարմացնել ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված միջպետական գանգատները՝ ներկայացնելով գերիների խոշտանգումների, բռնազավթված Արցախում մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման ու յուրացման նոր փաստերը:
8. Դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Եվրոպայի Խորհրդին՝ Արցախ ուղարկելու մոնիթորինգային առաքելություն՝ ուսումնասիրելու և փաստագրելու մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր գույքի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունները։
9. Դիմել համապատասխան միջազգային կառույցներին և առանձին պետությունների՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման խնդրանքով՝ հայերի դեմ կատարած միջազգային հանցագործությունների հիման վրա:
10. Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:
11. Դիմել համապատասխան պետություններին՝ կիրառելու համընդհանուր իրավազորության սկզբունքը և սկսել քրեական հետապնդում ադրբեջանցի պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ՝ միջազգային հանցագործությունների կատարման հիմքով։
--00—ՅՄ