Ենթակառուցվածքների բացման խնդիր չենք տեսնում, խնդիրը ձևակերպումն է․ Միրզոյանը՝ «միջանցքի մասին»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

aa

Մենք սկզբունքորեն որևէ խնդիր չենք տեսնում տրանսպորտային հաղորդակցության, երթուղիների կամ ենթակառուցվածքների բացման հարցում։
Խնդիրը կապված է ոչ թե բովանդակության, այլ ձևակերպման հետ։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է թուրքական NTV հեռուստաընկերությանը՝ խոսելով ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացից, Ադրբեջանի կողմից ձևակերպված «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին․

«Մենք նաև համոզված ենք, որ հաղորդակցության ապաշրջափակման գործընթացը կտանի դեպի տարածաշրջանային փոխկապվածության ամբողջական վերականգնում, այդ թվում՝ երկաթուղային կապի վերագործարկում Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ հարցում։

 Մենք կարող ենք լինել լավ հարևաններ։ Կարող ենք զարգացնել փոխշահավետ առևտուրը, նախաձեռնել ու իրագործել համատեղ էներգետիկ նախագծեր։ Աշխարհն այսօր նոր էներգետիկ կապեր է որոնում, և մեր տարածաշրջանն ունի այդ ներուժը։ 

Ավելին, եթե նայենք տարածաշրջանային քաղաքական գործընթացներին՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում, ապա տեսնում ենք, որ մեր դիրքորոշումները հաճախ բավական մոտ են միմյանց։ Այսինքն՝ համագործակցությունը կարող է և պետք է դուրս գա միայն սահմանային առևտրի շրջանակներից։ Ունենք հնարավորություն։ Կկարողանա՞նք արդյոք օգտվել այդ հնարավորությունից՝ սա է հարցը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի կողմից արվում են հնարավորինս կառուցողական քայլեր այս գործընթացում»,- նշել է Միրզոյանը՝ անդրադառնալով  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

--00—ՍՊ