ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ՀՀ երրորդ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ընդամենը օրեր առաջ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կոչվող հիմնարկի վերջին մեկնաբանությանը, վերահաստատել է իր դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ․ «Որքան էլ կապիտուլյանտ վարչախումբը ձայնակցելով Ադրբեջանին՝ այդպես ներկայացնի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, դա ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով այլևս անթաքույց տարվող արցախուրաց քաղաքականություն»,- ասել է նա։
ՀՀ երրորդ նախագահը հայտարարում է՝ Արցախյան հիմնախնդրի միջազգայնացման նոր ռազմավարություն է անհրաժեշտ, որն ունենա իրավական, քաղաքական և հումանիտար բաղադրիչներ՝ ներառելով նաև արցախահայության իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադարձի միջազգային օրակարգը․
«Այո, սա այլ բան չէ, քան չարի իշխանություն, որի գործունեության հետևանքով մեր միտքը մշուշված է, սիրտը՝ կարծրացած: Այլապես՝ ցեղասպանություն տեսած ազգը չի կարող այն ուրանալ, չի կարող անտարբեր լինել իր համար կյանք տված զինվորի ընտանիքի դեմ գործվող անիրավությունների հանդեպ, բայց որ ամենասարսափելին է՝ չարախնդալ և անգամ հրճվանք ապրել թշնամու բանտերում անմարդկային հալածանքների ենթարկվող իր հայրենակիցների տառապանքների վրա, չի կարող Արցախը ոչ հայկական համարել, չի կարող ընդհանուր գեթ մեկ եզր ունենալ հակահայաստանի դիվային ծրագիր և կեղծ գաղափարախոսություն առաջարկողների հետ: Սա բնության ու մարդկային բարոյական բոլոր կանոններին դեմ երևույթ է, մեծագույն մեղք, որ պետք է ապաշխարությամբ, զղջումով և ազգային վերազարթոնքի ճանապարհին կանգնելով մաքրվի»,- ասել է ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
--00—ՍՊ