ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ ապրիլի 14-ին Լյուսքեմբուրգում կայացած նիստի ընթացքում կարծիքների փոխանակում է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ընթացիկ զարգացումների վերաբերյալ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված հայտարարությունները՝ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։
«Այդ հայտարարությունները նշանակալից քայլ են տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ։ Խիստ կարևոր է պահպանել առկա դրական դինամիկան և ապահովել գործընթացի հաջող ավարտը՝ երկու կողմերից նույն առաջադեմ և փոխզիջման պատրաստվածության ոգով»,- նշել է Հիպերն ու հավելել, որ ԵՄ-ն խրախուսում է կողմերին առաջ շարժվել և ստորագրել խաղաղության համաձայնագիրը։
--00—ՅՄ