ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն` անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին ու ՍԴ նախագահի դեմ Հայաստանի իշխանությունների քայլերին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«2019-ի հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության պատճառով: Կիսում եմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների մտահոգությունն այս հարցի շուրջ:
Ցանկանում եմ հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի՝ 2019 թվականի հոկտեմբերին ընդունած եզրակացությունում նշվող առաջարկությունների մասին առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է շարունակի իրապես կամավոր լինել, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա և պետք չազդի դիտարկվելիք գործերի արդյունքի վրա:
Հանրային վերջին հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստելու իրավիճակի լարվածություն թուլացմանը:
Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև:
Նորից կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և թեթևացնել այս տագնապալի իրավիճակը՝ Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունն ապահովելու համար»: