ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի փորձագիտական շրջանակում ակտիվանում են քննարկումներն այն առնչությամբ, որ խաղաղ գործընթացում առավել մեծանում է ԼՂ ադրբեջանական համայնքի դերը, ինչի մասին են վկայում նաև համանախագահ երկրների դեսպանների հանդիպումը համայնքի ղեկավար Թուրալ Գյանջիալիևի հետ:
Աննա Նաղդալյանը մասնավորապես արձագանքել է. «Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, և ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ:
Կրկնեմ, որ հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Սկսած 1992 թվականից Արցախի իշխանությունները ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների կարգավիճակով մասնակցել են խաղաղ գործընթացին: ԼՂ իշխանությունները ՀՀ-ի և Ադրբեջանի հետ մեկտեղ ստորագրել են հրադադարի հաստատման կոչ պարունակող Բիշքեկի արձանագրությունը, իսկ նույն 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվել է եռակողմ բանակցային ձեւաչափը, որը բխում է 1994թ.-ի եռակողմ՝ ԼՂ, Ադրբեջան եւ Հայաստան հրադադարի համաձայնագրից: