ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Վիեննայում Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան հայտարարել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը շինծու և անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի և Արցախի հասցեին:
«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել», - նշել է ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Ադրբեջանը «իր տարածքի 20 տոկոսի օկուպացիայի» պատճառով չի կարողանում վերահսկողություն իրականացնել, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում անօրինական գործունեությանը, այդ թվում՝ միջուկային ահաբեկչության համար:
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համատեղ նպատակներին: