ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐ, 24News
ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ում անունը մամուլում շրջանառվում է իբրև Երևանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածու, 24News-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ նման հավակնություն կամ մտադրություն չունի։
«Իհարկե, հաճելիորեն զարմացած եմ, որ իմ անունը շրջանառվում է իբրև ԵՊՀ ռեկտորի թեկնածու, սակայն նման մտադրություն, ցանկություն կամ հավակնություն չունեմ», - նշեց Գաբրիելյանը։
«Հրապարակ» օրաթերթը, անդրադառնալով թեմային, գրել էր, որ «ԵՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածուների շրջանակը համալրվել է նոր անունով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան»: «Նա դասավանդում է Ամերիկյան համալսարանում եւ չնայած ռեկտորի համար պահանջվող դոկտորի գիտական աստիճան չունի՝ արտերկրում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում, որը Հայաստանում համազոր է թեկնածուի կոչմանը, սակայն ԲՈԿ-ը փաստաթուղթ է տվել, որ կարողանա մասնակցել ընտրությանը», - նշել էր թերթը։
ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա մարտի 23-ին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Մայր բուհը գլխավորելու հավակնություններ ունեն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, հայտնի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը։