ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:
Ըստ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի՝ Պայմանագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտի որդեգրած քաղաքականությանը՝ երկու երկրների միջև գործող ավիաընկերությունների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն։
«Պայմանագրում ազատականացված է ավիաընկերությունների նշանակումը, նրանց կողմից առաջարկվող տարողությունը, սակագները, չվերթների հաճախականությունը, սպասարկվող ուղղությունները և այլ կոմերցիոն դրույթները: Ներառված է նաև թռիչքային անվտանգության ապահովումը»,- ասել է Ռևազյանը։
Նախագիծը քվեարկությամբ ստացել է 106 կողմ, 1 ձեռնպահ ձայն։