ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ողջունում է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի որդեգրումը:
Խորհրդի տարածած հայտարարությունում մասնավորապես, ասվում է.
«ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ողջունում է Սիրիայի խորհրդարանի կողմից հայերի դեմ գործադրված ցեղասպանության բանաձևի որդեգրումը և շնորհավորում է սիրիահայությանն այս կարևոր իրագործման առթիվ
Հատուկ շնորհակալություն Սիրիայի իշխանության ու մանավանդ ասպնջական ժողովրդին, որ ապաստան շնորհեց Ցեղասպանությունից ճողոպրած հայերին:
Սիրիայի կողմից այս ճանաչումը և դատապարտումը կրկնակի կարեւորություն ունի, որովհետև սոսկ իրողության հաստատումից անդին է անցնում, վկայում է Սիրիայի ժողովրդի ականատես լինելու հանգամանքը՝ Թուրքիայի կողմից իր իսկ հողերի վրա գործադրված մեծ ոճիրին և կոչ է ուղղում պայքարելու ժխտումի քաղաքականության դեմ։
Շնորհակալություն մանավանդ Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնախմբին և նրա նախագահ Նորա Արիսյանին, որոնք նախաձեռնեցին այս բանաձևի գործընթացը օրենսդիր պալատում։
Այս մեծ հաղթանակին համար կրկին շնորհավորում ենք սիրիահայությանը, Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներին և Հայ Դատի բոլոր նվիրյալներին»: