ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն:
Արձանագրվել են հետեւյալ հիմնական խնդիրները.
• բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները,
• չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները, ինչպես նաեւ սննդի բազմազանությունը,
• առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ, օրինակ՝ չի պահպանվում ազատությունից զրկված անձանց բժշկական գաղտնիքը,
• բացակայում են գինեկոլոգիական բնույթի բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցների եւ հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներն ու գործիքները, որը խոչընդոտ է պատշաճ գինեկոլոգիական ծառայությունների մատուցման համար,
• բացակայում են ատամնաբուժական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ նյութերը եւ պարագաները,
• առկա են սեռավարակների հայտնաբերման եւ ուռուցքային հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների կազմակերպման խնդիրներ,
• հայտնաբերվել են ժամկետանց դեղեր,
• առկա են բժշկական թափոնների խոտանման հետ կապված խնդիրներ,
• ոչ բավարար են կահավորված երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակները,
• քրեակատարողական հիմնարկում իրականացվող վերասոցիալականացման եւ հասարակություն վերաինտեգրման միջոցառումները ժամանակավոր են եւ ոչ պարբերական,
• առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների հաղորդակցման եւ դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների ապահովման խնդիրներ,
• միայնակ պահվող ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից,
• առկա է ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն առնչվող հսկիչների, անվտանգության բաժնի ծառայողների, ինչպես նաեւ սոցիալ-հոգեբանական ծառայության անձնակազմի վերապատրաստումների անհրաժեշտություն,
• քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են:
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում դրական փոփոխությունները, որոնք հիմնականում հանգում են հետեւյալին.
• կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված ընդհանուր դահլիճը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը կահավորել է մի շարք նոր մարզասարքերով եւ մարզական գույքով, կազմակերպել են յոգայի դասընթացներ,
• նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նաեւ մի շարք այլ դասընթացներ՝ վարսահարդարման, խոհարարության (խոհանոցը կահավորվել է նոր տեխնիկայով), գորգագործության, թաղիքագործության եւ այլն,
• ծրագրի շրջանակներում վերանորոգվել է կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված սենյակներից մեկը՝ կահավորելով այն որպես համակարգչային սենյակ, որտեղ «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են մի շարք դասընթացներ, իսկ դատապարտյալ կանայք հնարավորություն ունեն հատուկ ծրագրի միջոցով սովորել անգլերեն լեզու,
• ազատությունից զրկված կանայք ակտիվորեն օգտվում են տեսազանգի հնարավորությունից,
• քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում փակցված են եղել դիմումների արկղեր,
• կանանց տեղամասի ընդհանուր կացարանն օրվա հերթապահ պատասխանատուների հսկիչ կետից շարունակել է առանձնացված լինել ապակե միջնորմով, որը ներկվել է՝ բացառելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կացարանի անմիջական եւ մշտական դիտարկման հնարավորությունը,
• 2019 թվականի սեպտեմբերից ազատությունից զրկված անչափահասները ստացել են միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն. քրեակատարողական հիմնարկում գործում են 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարաններ:
Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում եւ փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է իրավասու այն մարմինների աշխատակիցների, ծառայողների իրավունքների վիճակը, ովքեր իրենց գործունեությամբ կոչված են իրականացնել հասարակության անդամների իրավունքների պաշտպանությունը:
Քրեակատարողական ծառայողների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք:
Այցի արդյունքում կազմված վերլուծական փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն եւ Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը եւ աջակցելու դրանց լուծմանը: