ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը իրազեկում է տարածել պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերի և չափի մասին:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝
Պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում կարող է տարածվել, եթե՝
· պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար
· կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ,
· մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով, եթե պարտապանը չունի դրամական միջոցներ կամ դրանք անբավարար են: Այս մասին հայտնում են Հարկադիր կատարման ծառայությունից:
Աշխատավարձից կատարվող պահումների չափի վերաբերյալ.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝
Պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել առավելագույնը 50 տոկոս:
Օրենքը նախատեսել է բացառություն հետևյալ 3 դեպքերի համար, երբ պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների 75 տոկոսը՝
• բռնագանձվում է ալիմենտ,
• հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը,
• հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:
Պարտապանի կենսաթոշակի վրա կարող է բռնագանձում տարածվել առավելագույնը՝ 30 տոկոսի չափով:
Սակայն, եթե վարույթ հարուցելու պահին առկա է կուտակված աշխատավարձ կամ կենսաթոշակ, բռնագանձումը տարածվում է դրանց վրա ամբողջությամբ՝ բացառությամբ արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար ստացվածը, որի վրա բռնագանձում տարածվում է վերը նշված չափերով»: