ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Ռուսների մեծամասնությունը չի ցանկանում կնոջը ՌԴ նախագահ պաշտոնում։ Նրանց կարծիքով՝ ավելի լավ կլինի՝ կինը սոցիալական ոլորտներից մեկի գերատեսչության ղեկավարի պաշտոն զբաղեցնի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղվելով հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքներին:
Կին նախագահին դեմ է արտահայտվել հարցվածների 68 տոկոսը, 21 տոկոսը կողմ է արտահայտվել: 56 տոկոսը դեմ է արտահայտվել կին վարչապետին, 31 տոկոսը կողմ է եղել: Հարցվածների 83 տոկոսը չի ցանկացել կին տեսնել ուժային գերատեսչության ղեկավարի պաշտոնում:
Ռուսներից յուրաքանչյուր երկրորդը կարծում է, որ կնոջը համապատասխանում է ղեկավարել քաղաքական կուսակցություն, դումայի խմբակցությունները կամ հանձնաժողովները: 69 տոկոս կարծիքով՝ կինը պետք է զբաղեցնի առողջապահության, կրթության կամ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը:
«Երիտասարդ քաղաքացիներն ավելի շատ են աջակցություն հայտնել կանանց քաղաքական ամբիցիաներին»: Այս մասին հայտնում են կենտրոնի սոցիոլոգները։ Հարցմանը մասնակցածներից 53 տոկոսը՝ 18-24 տարեկան տարիքային խմբից՝ նախագահի պաշտոնում տեսել է կնոջ, մնացյալը կնոջը տեսել է վարչապետի պաշտոնում: Իսկ 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում հարցվածները նախագահի ու վարչապետի պաշտոնում տեսել են տղամարդու։ Հարցվածներից 78 տոկոսը նախագահությունը տղամարդու մասնագիտություն է համարել, իսկ 66 տոկոսն այդպիսին է համարել վարչապետի պաշտոնը: