ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Հուրգադայում մարտի 8-ին կորոնավիրուսի հետևանքով Գերմանիայի քաղաքացի է մահացել:
Եգիպտոսի առողջապահության և ազգաբնակչության նախարարության ներկայացուցիչ Հալեդ Մուհամեդին հայտնել է, որ 60-ամյա գերմանացի զբոսաշրջիկը Կահիրե է ժամանել մեկ շաբաթ առաջ, և հիվանդության որևէ դրսևորում նրա մոտ չի եղել։
Մարտի 7-ի երեկոյան տղամարդը բարձր ջերմությամբ դիմել է Հուրգադայի հիվանդանոց, կորոնավիրուսի թեստի արդյունքները դրական են եղել: Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժին` սուր շնչառական անբավարարության պատճառով: Մարտի 8-ին նրա վիճակը կտրուկ վատացել է, տղամարդը մահացել է։
Գերմանացի զբոսաշրջիկը Եգիպտոսում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահացածն է։
Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է մինչև 55 մարդ, նրանցից 33-ը Նեղոսի երկայնքով նավարկող նավի մեջ էին, որը ներկայումս կանգնած է Լուքսոր քաղաքում: