ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News
The Sun հայտնում է, որ Եգիպտոսը զբոսաշրջիկների այցը Կարմիր ծովի հանգստյան գոտիներ ապահովելու համար մինչև հոկտեմբերի վերջ կչեղարկի մուտքի համար տրամադրվող վիզայի վճարը: Սա յուրաքանչյուր հյուրի հնարավորություն կտա մոտ 25 դոլար խնայել։
Աղբյուրը հիշեցնում է, որ Եգիպտոսում ավելի քան 260 հյուրանոց արդեն հիգիենայի անվտանգության վկայական է ստացել. դա նշանակում է, որ տարածքում պահպանված են հակավիրուսային բոլոր միջոցառումները, և հյուրանոցները 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ կարող են աշխատել:
Միաժամանակ կգործեն նաև որոշ արգելքներ՝ հանգստյան գոտիներում չեն լինի հարսանիքներ կամ խնջույքներ, զվարճալի միջոցառումներ, սնունդը կլինի բացօթյա հատվածներում: Պարտադիր կլինի նաև հասարակական վայրերում սոցիալական հեռավորություն պահելը:
Հուլիսի 1-ից երկիրը պատրաստ է օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունել, չնայած կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր դեռ հայտնաբերվում են։ Հունիսի 22-ին Եգիպտոսում գրանցվել է 1475 նոր դեպք։ Համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվածների թիվը 56 809 է, որից մոտ 2000-ը մահացել է:
--00—ԼՄ