Ունենք 41 հաստատված նոր դեպք, ռեստորանների և սրճարանների գործունեությունը կասեցվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Այսօր կորոնավիրուսով վարակվածության 41 նոր հաստատված դեպք ունենք: Այս մասին  ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ երկրում հայտնաբերվել է վարակի 235 դեպք։ 

Վարչապետը նշել է, որ հատկապես անհանգստություն է առաջացնում նոր տիպի կորոնավիրուսի տարածման աշխարհագրությունը՝ Կոտայքի մարզ, Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող արտադրամաս։ 

«Ելնելով իրավիճակից՝ կառավարությունը որոշում է ընդունել մեկ շաբաթով արգելել բոլոր ռեստորանների և կաֆեների աշխատանքը, դադարացնել շինարարությունը, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտի արտադրամասերի գործունեությունը», - ասել է նա՝ կոչ անելով բնակչությանը հնարավորինս շատ մնալ տանը։ 

«Պետք է հնարավորինս սահմաանփակել մարդկանց տեղաշարժը։ Հնարավորինս շատ մնացեք տանը, միայն անհրաժեշտության դեպքում դուրս եկեք, գնումների համար։ Խուսափեք բազմամարդ հավաքներից, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները, խուսափեք վտանգավոր շփումներից, մեզնից յուրաքանչյուրը կարող է ջանքեր գործադրել, որպեսզի վարակի հետագա տարածումը կանխարգելվի», - ընդգծել է կառավարության ղեկավարը։ 

Փաշինյանը նաև հավելել է, որ վարակվածներից  26-ի մոտ առկա է թոքաբորբ, բոլորի վիճակը վերահսկելի է։