ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Pia.ge կայքը, հղում անելով Վիրահայոց թեմին, տեղեկացնում է, որ Վրաստանում գործող արտակարգ իրավիճակի պայմաններում Հայ առաքելական եկեղեցին Սբ. Զատկի ծեսերն ու պատարագները կանցկացնի փոփոխված ձևաչափով:
Առաքելական եկեղեցու հետևորդները պատարագը կարող են լսել եկեղեցիների բակից, ձայնային սարքավորումների միջոցով՝ միմյանցից պահպանելով սահմանված հեռավորությունը: Եկեղեցին նաև առցանց ռեժիմով պատարագներ կանցկացնի, որպեսզի հավատացյալները կարողանան ծեսերին մասնակից լինել առանց տնից դուրս գալու:
Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, պատարագներ կսկսվեն Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցիներում:
Վիրահայոց թեմի հաղորդագրությունում ասվում է, որ երիտասարդ կամավորները կհետևեն սահմանված սահմանափակումների իրագործմանը:
Զատկի պատարագները տեղի կունենան նույն եկեղեցիներում՝ ապրիլի 12-ին:
Վիրահայոց թեմի երկու եկեղեցիները բաց են ամեն օր: