ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Այն ժամանակ, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պիտի կենտրոնանա կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի վրա, հայտնվում է իր ամենամեծ դոնոր պետության ղեավարի քննադատության ներքո:
Դոնալդ Թրամփը կազմակերպությանը մեղադրում է համաճարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու մեջ, եւ սպառնում է դադարեցնել այս կազմակերպության ֆինանսավորումը: Այս մասին հայտնել է «Ամերիկայի ձայնը»։
Ի պատասխան Թրամփի մեղադրանքների, կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը հանդես է գալիս միասնության կոչով ու հորդորում խուսփել ճգնաժամը քաղաքականացնելու փորձերից:
«Կարիք չկա կորոնավիրուսը դարձնել քաղաքական կսմթոցների առիթ: Ձեր դիրքը դնելու համար ունեք շատ այլ ուղիներ», հայտարարել է Ղեբրեյեսուսը:
«Երբ ասում է «քաղաքականացնել», արդեն իսկ ինքն է հարցը քաղաքականացնում», ի պատասխան հայտարարում է Թրամփը ու ավելացնում, որ կազմակերպությանն է անցյալ տարի հատկացվել մոտ 500 միլիարդ դոլար ու հարյուր միլիարդավոր դոլարներ` նախորդ տարիներին: «Նրանք պիտի ավելի լավ աշխատեին այդ գումարներով»,- հայտարարել է Թրամփը:
Թրամփը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեղադրում է նաեւ «չինաստանամետ» լինելու մեջ: Նա հիշեցնում է, որ կազմակերպությունը գովեստի խոսքեր է ասել համաճարակի դեմ պայքարում Չինաստանի գործողությունների մասին: «Ու այսօր շատերն են ասում, որ սա չափից շատ է այն պետության համար, որը մինչ այդ փորձում էր կոծկել Ուհանում սկսված հիվանդությունը», հայտարարում է Թրամփը:
Ինչպես վերլուծաբան Ռոբերտ Դելին է ասում, այստեղ իրոք կա հասկանալի մտահոգության առիթ, երբ կազմակերպությունը գովոբանում է Չինաստանին: «Սակայն մյուս կողմից կարելի է ենթադրել, որ Թրամփի վարչակազմը փորձում է այս կերպ կոծկել իր իսկ կողմից ուշացված քայլերը», ասում է նա:
Նույն օրը, երբ Թրամփը սպառնաց դադարեցնել կազմակերպության ֆինանսավորումը, պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդես եկավ կովիդ 19-ի դեմ համաշխարհային պայքարի համար ԱՄՆ-ի կողմից հավելյալ 225 միլիոն դոլար հատկացնելու մասին հայտարարությամբ:
Վերլուծաբաններից Դանիել Ռունդեն սա գովելի քայլ է համարում: «Եթե ուզում ենք մնալ որպես համաշխարհային առաջնորդ, ուրեմն պիտի գիտակցենք, որ աշխարհն ակնկալում է այս խնդրի լուծման գործում, որպես առաջնորդ, մեր գործողությունները»:
Թրամփն, ի դեպ, հրապարակային կերպով ողջունել է այս համաճարակի դեմ պայքարում Չինաստանի դերը: Ավելի վաղ նա ասել էր, թե շատ լավ կլիներ, եթե Պեկինն այս գործում օգնության ձեռք մեկներ մյուս պետություններին: