ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
«Արցախի ընտրությունները մեծ կարևորություն ունեն երեք տեսանկյունից՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի տեսանկյուններից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Արցախի ընտրություններով իրականացվում է հանրային կյանքը կառավարելու Արցախի ժողովրդի մարդու իրավունքը: Ընտրված իշխանություններն Արցախում շարունակելու են ապահովել Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգությունը:
Բնականաբար, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը: Եվ ի վերջո, Արցախի ընտրված իշխանությունները պետք է ստանան, ունենան Արցախի ժողովրդի մանդատը՝ ներկայացնելու վերջիններիս բանակցային գործընթացում:
Այս առումով ընտրություններն առավել քան կարևոր են: Արցախի իշխանություններն իրենց որոշումն ընդունել են՝ հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերը: Այո՛, ճիշտ եք նշում, ափսոս, որ դիտորդների առաքելությունը խափանվեց կորոնավիրուսի պատճառով, բայց ի վերջո ընտրություններն Արցախի ժողովուրդն իրականացնում է իր, եւ ոչ թե՝ դիտորդների համար: Արցախի իշխանություններն ընդունեցին այդ որոշումը, եւ մենք հարգում ենք այդ որոշումը»,- գրել է ԱԳՆ խոսնակը: