ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը խորհրդարանի նիստի ժամանակ առաջարկել է հետաձգել այն մարզիկների զորակոչը, որոնք ամառը պետք է զորակոչվեն բանակ, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն կարողանում օգտվել տարկետում ստանալու կամ սպորտային վաշտում ծառայելու հնարավորությունից։
«Ունենք Հայաստանում մի կարգավորում, ըստ որի՝ այն մարզիկները, որոնք Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում 1-5-րդ տեղեր են գրավում, բանակի ծառայությունից չորս տարով ստանում են տարկետում կամ ծառայությունն անցկացնում են սպորտային վաշտում։
Հիմա օբյեկտիվ պատճառներով ստեղծվել է մի իրավիճակ, որ այն մարզիկները, որոնք պատրատվում էին Եվրոպայի առաջնությանը, որը հիմնականում տեղի է ունենում մինչև ամառային զորակոչը, չունեն այդ հնարավորությունը, և ամռանը գնալու են բանակ՝ չկարողանալով ապացուցել իրենց բարձր կարգը, որպեսզի օգտվեն տարկետումից, ժամկետի տեղափոխումից կամ սպորտային վաշտում ծառայելու հնարավորությունից»,- ասել է Ջուլֆալակյանը՝ մտահոգություն հայտնելով, որ նման իրավիճակում չի բացառվում, որ մեծ պոտենցիալով մարզիկներ կորցնենք։
Ջուլֆալակյանը նաև մարզական ֆեդերացիաներին առաջարկում է օլիմպիական մարզաձևերի, ինչպես նաև շախմատի և սամբոյի համար մինչև ամառային զորակոչն անցկացնել Հայաստանի պատանիների առաջնություն, որի արդյունքում յուրաքանչյուր մարզաձևից կձևավորվեն ազգային հավաքականներ։
«ՊՆ-ին առաջարկում եմ ամառայինից ձմեռայինի տեղափոխել հավաքական ընդգրկված այն մարզիկների զորակոչը, որոնք կծրագրավորվեն ներկայացնելու Հայաստանը 2020 թվականի չորրորդ եռամսյակում կայանալիք վարկանիշային մրցաշարարերին»,- ասել է պատգամավորը։