ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
24 խմբում ընդգրկված հայաստանցի 77 գիտնական դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդից կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Այդ մասին հայտնում է ՀՕՖ-ը:
2000 թ. ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ-ANSEF), որն այսուհետ կրում է հայազգի անվանի աստղաֆիզիկոս, մեծ գիտնական Երվանդ Թերզյանի անունը, այս տարի ներկայացված 189 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 24-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են 16-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը:
Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:
«Այս դժվար օրերին անգամ ԳԿՀԱՀ-ն չհետաձգեց իր գործունեությունը և կրկին ապացուցեց, որ հավատարիմ է Հայաստանի գիտնականներին աջակցելու իր առաքելությանը։ Ուզում եմ բազում գիտնականների անունից շնորհակալություն հայտնել ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին այս հայրենանվեր առաքելության համար։ Հիմնադրամն առանձնահատուկ է մեզ համար, որովհետև այն այսուհետ ԳԿՀԱՀ-ի երջանկահիշատակ նախագահ Երվանդ Թերզյանի անունն է կրելու։ Դրամաշնորհին արժանացած մեր գիտնականներին մաղթում եմ հետազոտական նոր ձեռքբերումներ և առաջընթաց Հայաստանի գիտության զարգացման գործում»,- նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։
ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2020թ. 8 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 5 դրամաշնորհ՝ ֆիզիկայի, 4 կենսատեխնոլոգիայի, 3 քիմիայի, 2 կենդանաբանության, 1 աստղաֆիզիկայի և 1 հումանիտար։
Անցած 20 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել է 2859-ը դիմում-առաջարկ: Դրամաշնորհներ են ստացել 512 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել 1901 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2մլն 560 հազար դոլար: