ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»:
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2024 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,
Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։
--00—ՅՄ