ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու: Այս մասին տեղեկացնում է «Դատալեքսը»:
Հայցադիմումի պատճառը սոցիալական ցանցում Գրիգորյանի մասին գրառման տակ Ավինյանի կնոջ թողած մեկնաբանությունն էր՝ «առանց դրա էլ բոլորը գիտեն ում շունն ա»:
Գրիգորյանի հայցադիմումը վերաբերում էր հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Ավինյանի կնոջ մեկնաբանությունից հետո Գրիգորյանը ֆեյսբուքում գրառում էր արել, որտեղ մեջբերել էր Հերդերի հայտնի խոսքերը՝ յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա: Նա նաև նշել էր՝ Ավինյանը չի կարողացել զսպել իր կնոջ ճառերը, և արդյունքում վերջինիս կինը սոցիալական ցանցում հանդես է եկել ոչ հարիր բառամթերքով՝ հասցեագրված օտար տղամարդու:
Գրիգորյանը դիմել էր Ավինյանին. «Ակնկալում եմ ձեր կողմից տղամարդուն վայել կեցվածք, պատասխանատվություն՝ սեփական կնոջ բառամթերքի համար: Այլ պարագայում հարցը կլուծվի իրավական ճանապարհով»:
Դատարանը որոշել է վերադարձնել հայցադիմումը, քանի որ այն որոշակի թերություններ է ունեցել: Դատարանն արձանագրել է՝ հայցվորը հայցադիմումին կից ներկայացվել է 20,000.00 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր՝ 24,000.00 ՀՀ դրամի փոխարեն: Ինչպես նաև դատարանը նշել է, որ հայցվորը հայցադիմումին կից չի ներկայացրել հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան: Դատարանը հաշվի է առել նշված թերություններն ու որոշում կայացրել վերադարձնել ներկայացված հայցադիմումը:
Հայցադիմումը վերադարձնելու որոշում կայացվել է ապրիլի 17-ին, սակայն նոր հայցադիմում մուտքագրելու կամ վերաքննիչ բողոք ներկայացնելու մասին տեղեկատվությունը բացակայում է: