Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկած քննիչի նկատմամբ քրեական գործ կհարուցվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

դավիթգրիգորյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր բավարարել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս ՀՔԾ քննիչի կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆ»-ն տեղեկացավ Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանից։ Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։

Հուլիսի 16-ին ՀՔԾ աշխատակիցները մեկ այլ քրեական գործի շրջանակում խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ կնիքել այն։ Աշխատասենյակից կատարվել էին առգրավումներ։ Սրանից հետո նրա պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին Դատախազություն: Դատախազությունն էլ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկել էր ԱԱԾ: Հուլիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում էր կայացրել: Թեեւ անգամ ԲԴԽ-ն հայտարարել էր, որ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն՝ կնիքելով դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը: «Ըստ էության ՀՔԾ քննիչի նկատմամբ քրեական գործ կհարուցվի»,-ասաց Գեորգի Մելիքյանը։ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները դադարեցված են։

«Դատարանն այսօր բավարարեց մեր բողոքը, ճանաչեց Գրիգորյանի իրավունքների խախտումը, որ նրա նկատմամբ հանցագործություն է կատարվել: Դա արդեն պարտավորություն է սահմանում դատախազության համար, որ հարուցեն քրեական գործ դեպքի առթիվ»,- ասաց Գ.Մելիքյանը։