ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Եգիպտոսում զբոսաշրջության և հնությունների նախարար, դոկտոր Խալեդ Ալ-Անանին հայտարարել է, որ օտարերկրյա զբոսաշրջությունն առաջիկայում չի վերադառնա Եգիպտոս: Այդ մասին հաղորդում է Egypt Independent-ը:
Հեռուստաշոուներից մեկի ժամանակ նա բացատրել է, որ արտասահմանյան հյուրերի վերադարձը կախված է ինչպես Եգիպտոսի վիճակից, այնպես էլ այն երկրներից, որտեղից նրանք կվերադառնան:
Անանիի խոսքով՝ մի շարք պետությունների ներկայացուցիչներ հանրապետության իշխանություններին հարցրել են, թե արդյոք հնարավոր է հունիսին զբոսաշրջությունը բացել: Նախարարը հստակեցրել է, որ կառավարությունը կքննարկի այդ հարցը, հենց պարզվեն կորոնավիրուսի տարածման հանգամանքները:
«Ճանապարհորդները, հավանաբար, ստիպված կլինեն ապացուցել, որ վարակված չեն կորոնավիրուսով»,- նշել է նախարարը։ Բացի այդ, կարող է սահմանափակվել Եգիպտոս զբոսաշրջիկների թիվը՝ դիտարկելով հյուրերի առավելագույն տարիքը մինչև 48 տարեկան:
Անանին հիշեցրել է, որ մինչև հունիս երկրի հյուրանոցները կաշխատեն միայն տեղի բնակիչների համար՝ 25 տոկոս առավելագույն ծանրաբեռնվածությամբ:
Նշենք, որ այժմ Եգիպտոսի հանգստավայրերում փակ են հյուրանոցները, տուրիստական ընկերությունները, ռեստորանները, շուկաները և սրճարաններ: Փորձագետների գնահատմամբ՝ երկրի տուրիստական հատվածը համաճարակի պատճառով ամսական մեկ միլիարդ դոլար է կորցնում: