ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչ, 44-ամյա Արման Մկրտչյանը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Մայիսի 4-ին՝ ժամը 23։20-ի սահմանում, Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի կույր հրազենային վնասվածք, ազդրոսկրի միջին ստորին երրորդականի շրջանի բազմաբեկորային կոտրվածք, օտար մարմնի առկայություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Գորիս քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Նորայր Բալասանյանն է, ով, սակայն, կատարվածի մասին հրաժարվել է ոստիկաններին բացատրություն տալ։
Հարուցվում է քրեական գործ, և մի քանի օրվա ընթացքում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Սյունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչների հետ, պարզում են դեպքի հանգամանքները և մայիսի 5-ին Ն. Բալասանյանին հրազենային վնասվածք պատճառելու կասկածանքով Գորիսի ոստիկանություն են բերման ենթարկում Գորիսի Նարեկացի 5 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 37-ամյա Սևակ Գասպարյանին, Գորիս քաղաքի բնակիչներ, 44-ամյա Արման Մկրտչյանին, 52-ամյա Դավիթ Կոստանդյանին և 31-ամյա Էրիկ Մալինցյանին, որը եղել է «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով։
Զննությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչի կապակցությամբ Ա. Մկրտչյանը հայտնել է, որ այն պատկանում է իրեն։ Արդեն քննչական բաժնում փաստերի ճնշման տակ Ա. Մկրտչյանը խոստովանել է, որ մայիսի 4-ին՝ ժամը 23։00-ի սահմանում, Տեղ համանքի Քարաշեն բնակավայրի ավազահանքի թիվ 1 հասցեում գտնվող սննդի կետում նշված ատրճանակով ինքն է Ն. Բալասանյանի վրա կրակել։
Ըստ աղբյուրի՝ Ս. Գասպարյանը, Դ. Կոստանդյանը և Է. Մալինցյանը բաց են թողնվել, ավտմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բերման ենթարկված, ապա բաց թողնված Դ. Կոստանդյանն աշխատում է «Դավիթ Կոստանդյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն։