ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իր միջնորդությունը՝ գործը Շիրակի մարզի քննիչներից վերցնելու և հանրապետական մարմիններին ուղարկելու մասին, մերժվել է և նա այսօր կրկին դիմել է գլխավոր դատախազին։
«2018 թվականի հոկտեմբերի 11-ին Մարալիկ քաղաքում Ն.Մալյանի, Ա.Դանիելյանի և Գ.Մինասյանի նկատմամբ տեղի ունեցած խուլիգանական հարձակման փաստի առթիվ մեկ տարի անց հարուցված քրեական գործի նախաքննությունը որևէ կերպ տեղից չի շարժվում:
Տուժողների հետ միակ և վերջին դատավարական գործողությունը կատարվել է անցյալ տարվա դեկտեմբեր ամսին. գործով մեղադրյալներ չկան: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ միջնորդությունը՝ գործը Շիրակի մարզի քննիչներից վերցնելու և հանրապետական մարմիններին ուղարկելու մասին, մերժվել է: Ի՞նչ է սա, եթե ոչ հանցավորների ակնհայտ հովանավորում։
Ակնհայտ է, որ այդ անձինք հնարավոր է գործել են հանձնարարությամբ և ուղորդված, և եթե նրանց մեղադրանք առաջադրվի, ապա կարող են նաև պատմել այդ մասին իրավապահներին: Այսօր կրկին դիմել եմ գլխավոր դատախազին՝ գործով այս խայտառակ իրավիճակը շուտափույթ շտկելու համար, հակառակ դեպքում ամենինչ ավելի քան ակնհայտ է»,- գրել է փաստաբանը: