ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Եվրոպական խորհրդարանի Քրիստոնյա-դեմոկրատական խմբակցությունն առաջարկություն է ներկայացրել Թուրքիային տրվող աջակցության վերաբերյալ։
Այս նախագծով նախատեսվում էր ԵՄ-ին անդամակցել պատրաստվող երկրներին աջակցելու գործիք (IPA) ծրագրի շրջանակներում Թուրքիային տրամադրվող աջակցության համար նախապայմաններ առաջ քաշել և այդ նախապայմանները չբավարարելու դեպքում աջակցությունից զրկել Թուրքիային։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչեսն իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի անդամների մեծամասնությունը դեմ է արտահայտվել այս նախագծին և այն չի ընդունվել։
Թուրքիա-ԵՄ hամատեղ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լագոդինսկին էլ իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ երկուստեք առկա լարվածության պատճառով Թուրքիայի հասարակական կազմակերպություններն այսպիսով չեն տուժի։