ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Oգոստոսի 17-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։
Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից դիտարկվել են շուրջ վեց տասնյակ տրանսպորտային միջոցներ: Հայտնաբերվել են կրկին գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներ և ավտոբուսներ, ինչպես նաև հայտնաբերվել է տրանսպորտային միջոց, որի վարորդը երթևեկել է առանց դիմակի։
Խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:
ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
--00—ԼՄ