ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Պարետի որոշմամբ սահմանվել է արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսց մահացածների դիակների տեղափոխման և հուղարկավորության կանոնները:
Ըստ այդ կարգի՝ կորոնավիրուսից մահացած մարդու դագաղն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում, դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով:
Ընդունված որոշմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև.
1. Պացիենտի՝ կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքում դիակը ծածկվում է սավանով և տեղափոխվում դիակի համար նախատեսված անջրանցիկ պարկ (այսուհետ` պարկ), դաստակին փակցվում է նույնականացման տեղեկություն պարունակող նշան, այնուհետև պարկը պինդ կապվում է սկզբից մինչև վերջ կայծակ ճարմանդի միջոցով այնպես, որ բացառվի դիակից հեղուկի արտահոսքի հնարավորությունը: Դիակի նույնականացման տեղեկությունը (դաստակին փակցվածի նման) փակցվում է նաև դիակի համար նախատեսված պարկի վրա: Դիակը պարկ տեղափոխելուց առաջ կիրառվում են հետևյալ կանոնները.
1) դիակից զգուշորեն հեռացվում են կաթետերները, խողովակները և դրենաժները, դրանք հեռացնելու վայրը ախտահանվում է և փակվում կպչուն սպեղանիով,
2) դիակից հեռացված սուր առարկաները տեղադրվում են սուր առարկաների համար նախատեսված կոնտեյների մեջ,
3) կենսաբանական հեղուկների արտահոսքից խուսափելու նպատակով փակվում են դիակի բերանի խոռոչը և քթանցքները,
4) դիակի մշակման ժամանակ առաջացած բոլոր թափոնները հավաքվում և ոչնչացվում են՝ ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով սահմանված պահանջների համաձայն,
5) պարկը մշակվում է քլորակրով կամ քլոր պարունակող համապատասխան ախտահանիչներով:
2. Պահպանելով անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցները՝ պարկով դիակը դիատարով տեղափոխվում է բժշկական հաստատության դիակի ժամանակավոր պահման վայր, որտեղ դրսից փակցվում է վարակիչ վտանգի մասին մատնանշող միջազգային խորհրդանիշ:
3. Դիակի ժամանակավոր պահման վայրում ախտահանվում է պարկի արտաքին մակերևույթը: Դագաղի ներսը ևս ախտահանվում է քլոր պարունակող ախտահանիչներով:
4. Մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով:
5. Դիակը հարազատին հանձնելուց հետո դիակի ժամանակավոր պահման վայրը ամբողջությամբ ախտահանվում է:
6. Դիակի տեղափոխումը իրականացվում է դագաղով, որում դիակը շարունակում է մնալ պարկի մեջ: Դագաղն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում:
7. Դիակը տեղափոխող տրանսպորտային միջոցն ախտահանվում է:
8. Հանգուցյալին անհրաժեշտ է հնարավորինս շուտ հուղարկավորել (48-72 ժամից ոչ ավել) և խուսափել բազմամարդ հոգեհանգիստներից: Մահացած անձի իրերի ախտահանումը:
9. Մահացած անձի իրերը վառելու անհրաժեշտությունը բացակայում է: Դրանք անհրաժեշտ է զգուշորեն վերցնել պաշտպանիչ ձեռնոցներով, մաքրել և ախտահանել առնվազն 70% էթանոլով կամ այլ ախտահանիչ նյութով՝ առաջնորդվելով համապատասխան հրահանգով:
10. Մահացած անձի հագուստն անհրաժեշտ է լվանալ 60−90°C ջերմաստիճանի ջրով և լվացքի փոշիով:
11. Լվացքի մեքենայով լվանալու հնարավորության բացակայության դեպքում մահացած անձի հագուստը կարելի է թրջել նույն ջերմաստիճանի ջրում՝ օճառով մեծ տարայի մեջ:
12. Լվացքը պետք է խառնել մեծ փայտիկով՝ զգուշանալով տարայից դուրս կաթիլների թափվելուց: Տարան դատարկելուց հետո հագուստի վրա անհրաժեշտ է ավելացնել 0.005 % քլորի հիմքով ախտահանիչ և 30 րոպե անց լվանալ արդեն մաքուր ջրով, ապա՝ հագուստը չորացնել արևի ճառագայթների ներքո: