ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Ավարտվեց «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը։ Օգոստոսի 20-ին վերաբացված ցուցահանդեսն ընդամենը 10 օրում ունեցավ շուրջ 10 000 այցելու: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Ազգային պատկերասրահը։
«Ավարտվեց «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որն իրավամբ կարող ենք համարել այս տարվա գլխավոր մշակութային իրադարձությունը։
Դեռևս մարտ ամսին Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանի ղեկավարությամբ կազմակերպված և օգոստոսի 20-ին վերաբացված ցուցահանդեսն ընդամենը 10 օրում ունեցավ շուրջ 10 000 այցելու:
Պատկերասրահն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի ստեղծագործությունների հավաքածուատեր, «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս Ալեքսանդր Շադրինին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, թանգարանի անձնակազմին, ցուցահանդեսի համակարգող Մարիամ Դավթյանին, ՊՊԳՎ կարևորագույն օբյեկտների հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդի և ԱԻՆ-ի աշխատակիցներին, ինչպես նաև ցուցահանդեսը լուսաբանող և հանրայնացնող զանգվածային լրատվամիջոցներին:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր այցելուներին մշակութային բարձր գիտակցության, մեծ ոգևորության, և, իհարկե, հակահամաճարակային կանոնների պահպանման համար»։
-- 00—ՄՀ