Խախտում. ազգային հերոսի կոչում պետք է շնորհեր նախագահը, ոչ թե վարչապետը. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

պարգև

«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանը յուրացրել է նախագահ Արմեն Սարգսյանի նվազ լիազորություններից ևս մեկը։ Ուրբաթ օրը Սարդարապատում նա պետական բարձր պարգևներ՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհեց, «Մարտական խաչ» շքանշաններ հանձնեց տավուշյան մարտերի հերոսներին:



Մինչդեռ Սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն․ «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է ՀՀ շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ»։



Ա․ Սարգսյանն օգոստոսի 27-ից արձակուրդում է, իսկ միջոցառումը կազմակերպել էին դրա հաջորդ օրը, որպեսզի հերոսներին գնահատելու և պարգևատրելու դափնին ոչ թե նախագահը ստանար, այլ վարչապետը։

Սակայն, «անալոգիայի կիրառմամբ», եթե ՀՀ նախագահը չի իրականացնում իր լիազորությունները, ապա, ըստ Սահմանադրության, դա անցնում է ոչ թե վարչապետին, այլ ԱԺ նախագահին։ Այսինքն` յուրացվել են ԱԺ նախագահի լիազորությունները նույնպես»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ