ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով արտակարգ իրավիճակի ավարտը, առաջնորդվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով և ԲՀՊՏ-ների կանոնադրություններով՝ վերսկսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների արգելոցային տարածքներ մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը։
Մուտքն արգելոցային գոտու կամ արգելավայրերի տարածք թույլատրվում է միայն կազմակերպության համապատասխան աշխատողի ուղեկցությամբ:
Արգելոցի և արգելավայրերի տարածք մուտք գործելու համար`
իրավաբանական անձինք նախապես դիմում են ներկայացնում կազմակերպությանը` մուտքի անցագիր ձեռք բերելու համար, որում պետք է ներառվեն տեղեկություններ տարածք մուտք գործելու նպատակի, ժամանակի և մուտք գործող անձանց թվի վերաբերյալ,
զբոսաշրջային կազմակերպությունները նախապես կարող են կնքել պայմանագրեր` զբոսաշրջությունը կազմակերպելու համար,
ֆիզիկական անձինք տարածք մուտք կարող են գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը մուծելուց և կազմակերպության կողմից անցագիր ստանալուց հետո,
սահմանված մուտքավճարներն իրավաբանական անձինք նախապես մուծում են կազմակերպության բանկային հաշվեհամարին, իսկ ֆիզիկական անձինք` ինչպես բանկային հաշվեհամարին, այնպես էլ արգելոցի և արգելավայրի անցակետերում:
Կազմակերպությունն արգելոցի և արգելավայրերի տարածք ֆիզիկական և իրավաբանական անձանց մուտք գործելու համար տպագրում է տարբերակված անցագրեր:
Արգելոցի կամ արգելավայրի տարածք մուտք գործողները սահմանված կարգով գրանցվում են արգելոցի կամ արգելավայրի մուտքի գրանցամատյանում:
Գրանցամատյանի վարումն իրականացնում է կազմակերպությունը:
Պետական արգելոցի տարածքում արգելվում է՝
- բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.
- որսորդությունը, ձկնորսությունը.
- բույսերի, ծաղիկների, պտուղների և սերմերի մթերումը, բացի արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված հավաքածուների հավաքից.
- անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ,
- երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, որոնք առաջացնում են հողային ծածկույթի խախտում.
- ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
- ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:
--00--ԱԹ