ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս առավոտ ադրբեջանական զինուժը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կրակ բացելով նաեւ խաղաղ բնակչության վրա:
Ապրիլյան պատերազմից 4 տարի անց ՝ հերթական անգամ արձանագրելով սեփական ապակառուցողական եւ ագրեսոր էությունը, Ադրբեջանի իշխանությունը պատերազմ է պարտադրում Արցախի ազատատենչ ժողովրդին: Ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն:
Այս վճռական պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը համերաշխության և միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության եւ հայ զինվորի կողքին:
Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնաատել ստեղծված իրավիճակը եւ լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից:
Քանի որ հայրենիքն ամենաթանկն է և նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից:
ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին:
Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք: Աստված պահապան մեր ժողովրդին եւ արդար պայքարին»:
--00--ԱԹ