ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ռուսական Առաջին ալիքի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին, նշել, որ այն ընկալվում է այլ ենթատեքստում:
«Պետք է շատ հստակ, պարզ և սթափ վերլուծել, թե ինչ է այնտեղ գրված: Այնտեղ ընդհանրապես Հայաստանի կողմից ինչ-որ ռազմական գործողությունների մասին ոչինչ չի ասվում:
Վերջին բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին միջազգային պայմանավորվածությունը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքները վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանության ուժերը:
Հայաստանի մասին այդտեղ խոսվում է այլ կոնտեքստում: Հայաստանին կոչ են անում օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ ունեցած կապերը, որպեսզի ինչ-որ կերպ իրավիճակը կայունացվի»,-ասել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ այդ բանաձևերից վերջինն ընդունվել է 1993 թվականին օպերատիվ կոնկրետ իրավիճակում:
«Դա կոնկրետ իրավիճակի մասին է, և չի կարելի այդ բանաձևերը կտրել կոնտեքստից»,-ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ադրբեջանաթուրքական ուժերի սանձազերծած ռազմական գործողություններից հետո, Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն: Արդեն 10 օր է, ինչ ռազմական գործողությունները շարունակվում են:
--00—ԼՄ