ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի աջակցությունը ՌԴ նախաձեռնած բանակցություններին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորություն է տալիս:
«Սա Ռուսաստանի նախագահի հզոր նախաձեռնությունն է՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու հնարավորություն»,- ֆեյսբուքյան էջում է գրել Կոսաչովը, ապա հավելել, որ Ռուսաստանն այս փուլում իր առաքելությունը լիովին իրականացրել է:
«Ամեն ինչ կախված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքից։ Մոսկվայում համապատասխան նախարարների մասնկացությամբ այսօր տեղի ունենալիք խորհրդակցությունները շատ կարևոր են: Բարի՛ երթ»,- ասել է Կոսաչովը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է Ռուսաստան՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացնելու: Պուտինը կոչ էր արել հումանիտար հրադադար հայտարարել՝ մահացածների և գերիների մարմինների փոխանակում անելու համար:
Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում էր սկսել Արցախում սեպտեմբերի 27-ին՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
--00—ԼՄ