ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Լեռնային Ղարաբաղի թեմային է անդրադարձել Euronews-ը և հրապարակել Եվրամիության հայտարարությունը, որում նշված է, որ պետք է դադարեցվեն երկու կողմերից խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների բոլոր գնդակոծությունները: Այս մասին գրել է 1lurer.am-ը։
Լրատվական ծառայությունը նշել է, որ Արցախի հանրապետության և Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը և մյուս բնակավայրերը պատերազմի հենց սկզբից ենթարկվել են զանգվածային հրետակոծության, ոչնչացվում է քաղաքացիական ենթակառուցվածքը:
Ավելի վաղ Amnesty International-ի փորձագետները հաստատել էին ադրբեջանական կողմից իսրայելական արտադրության արգելված կասետային զինատեսակների օգտագործումը գնդակոծությունների ժամանակ:
Ամեն օր՝ կեսօրին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու և երկրի այլ եկեղեցիների զանգերը հնչում են ի հիշատակ պատերազմի զոհերի և ի պաշտպանություն նրանց, ովքեր ռազմաճակատում են, գրում է Euronews-ը:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ