ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Վրաստանի Հայ երիտասարդների միությունը խաղաղ երթն է անցկացրել Թբիլիսիում: Ակցիայի մասնակիցները հանդես են եկել ի պաշտպանություն արցախցիներ պայքարի: Երթի վերջնակետը Սուրբ Էջմիածին եկեղեցին էր, որտեղ մատուցվել է խաղաղության պատարագ: Այդ մասին հայտնում է Վրաստանի Հայ երիտասարդների միությունը:
Թբիլիսիում բնակվող հայերը ցույց էին կազմակերպել նաև «Մտավարի արխի» հեռուստաընկերության դիմաց՝ պահանջելով կանխակալ չլուսաբանել Արցախյան հակամարտության հետ կապված իրադարձությունները:
Ցուցարարները դատապարտել են նաև Սահակաշվիլիի այն հայտարարությունը, թե Արցախն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:
--00—ԼՄ