ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին: Հարցազրույցը ներկայացվում է ստորև.
Al Arabiya - Ի վերջո, մինչև ե՞րբ է այս հակամարտությունը շարունակվելու, և ինչպե՞ս պետք է այն ավարտվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ անում են՝ բռնությունները դադարեցնելու համար: Բայց, էլի եմ ասում, մենք այստեղ էլ պետք է էությունը հասկանանք: Որովհետև մինչ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ քննարկում էին հրադադարի հաստատման հարցը, Թուրքիան ի սկզբանե ասում էր, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Սրանով ևս մեկ անգամ հաստատվեց և հաստատվում է - սա միակ փաստը չէ, մյուս փաստերը ես նշեցի - որ Թուրքիան է, որ ավելի բորբոքում է այս կոնֆլիկտը և տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը: Եվ հիմա պատահական չէ, որ կան երկրներ, որ բռնությունների դադարեցման հենց այս հաջորդականությունն են տեսնում՝ ահաբեկիչների և վարձկանների հեռացում տարածաշրջանից և Թուրքիայի մասնակցության սահմանափակում այս կոնֆլիկտին: Հակառակ դեպքում՝ մենք չենք ունենա այդ արդյունքը:
Al Arabiya - Դիտորդները նաև հարցնում են, թե արդյոք Հայաստանը ծանրակշիռ ապացույցներ ունի՞ Թուրքիայից Բաքու ռազմական տեխնիկայի և վարձկանների փոխադրման վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես 2 փաստի մասին կցանկանայի խոսել, որպեսզի շատ երկար չմանրամասնեմ:
Առաջին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հայաստանի հայցի հիման վրա, ապացուցված է համարել Թուրքիայի ներգրավվածությունն այս պրոցեսին, և հայցի ապահովման միջոց է կիրառում:
Երկրորդ՝ վարձկանների առկայության վերաբերյալ հայտարարություններ են արել Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները, Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Համացանցում կան հրապարակված նյութեր, որոնք արդեն հրապարակային են, որոնք ապացուցում են այդ ամենը: Եվ Հայաստանն էլ իր հերթին ունի ապացույցների պատրաստած փաթեթ, որոնք մենք տրամադրել ենք մեր միջազգային գործընկերներին և կարող ենք տրամադրել:
Al Arabiya - Թույլ տվեք Ձեզ վերջին հարցը տալ: Վերջում ի՞նչ կցանկանայիք ասել ադրբեջանցիներին ու հայերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իմ եզրափակիչ խոսքն այն է, ինչ ես ասել եմ վարչապետ դառնալուց հետո: Մենք պետք է գտնենք Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի է և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Ղարաբաղի ժողովրդի համար:
Al Arabiya – Պարոն վարչապետ, շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։
Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
--00—ՄՀ