ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բելգիական հեղինակավոր La Libre Belgique պարբերականի հատուկ թղթակից Քրիստոֆ Լամֆալյուսիին:
Ադրբեջանի՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ Ղարաբաղն իր բնակիչների պատմական հայրենիքն է, և որ արցախցիներն այդտեղ ապրում են հազարամյակներ ի վեր:
«Նրանք այնտեղ 301 թ. քրիստոնեություն ընդունեցին: Նրանք ապրում էին այնտեղ, իրենց լեռներում, երբ 11-րդ դարում թուրք-սելջուկները եկան Կենտրոնական Ասիայից: Նրանք տեսել են մոնղոլներին, Լենկթեմուրին, մաս են կազմել Պարսկաստանին, հետո՝ Ռուսական կայսրություններին, բայց ոչ երբեք՝ Ադրբեջանին»,-ասել է նախագահը:
Ըստ Արմեն սարգսյանի՝ խնդիրն սկսվել է Խորհրդային Միության ստեղծման ժամանակ, երբ ընկեր Ստալինը Նախիջևանն ու Արցախը տվեց (Ադրբեջանին):
«Եթե հասնենք մինչև 20-րդ դարի սկիզբը, այդ ժամանակ Արցախում ապրում էին 350 հազարից 360 հազար բնակիչ, ճնշող մեծամասնությամբ՝ 95 տոկոս, հայեր: Այդ ժամանակ Շուշին մեծ քաղաք էր, 60 հազար բնակչով՝ մեծամասամբ հայեր: Այն փոքր էր Թբիլիսիից, բայց մեծ էր Երևանից: Խորհրդային տարիներին Ղարաբաղն ինքնավար մարզ էր Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղն աշխարհի ամենամեծ ինքնավարության աստիճանն ուներ, քանի որ դրա երաշխավորը Խորհրդային Միությունն էր: Այն տևեց 70 տարի: Չնայած դրան, այնտեղից 200 հազարից ավելի մարդիկ հեռացան: Ինչո՞ւ: Որովհետև հայկական դպրոցներ չկային, որովհետև երիտասարդներն աշխատանք չէին գտնում: Դա քիչ թե շատ խաղաղ էթնիկ զտում էր»,-ասել է նախագահը և հիշեցրել, որ երբ խորհրդային կայսրությունը փլուզվեց, մարդիկ ցանկացան կրկին ապրել այնպես, ինչպես ապրել էին հազարավոր տարիներ ի վեր:
«Բաքվի պատասխանը ջարդերն էին: Ինչպե՞ս կարող ես ապրել մարդկանց հետ, որոնք քեզ վռնդում են: Ոչ մի վստահություն չկա: Նրանք (Ադրբեջանը) ասում են, թե ազատագրելու են Ղարաբաղը, բայց ումի՞ց»:
Հարցազրույցն առավել մանրամասն՝ այստեղ:
--00—ԼՄ