ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Դատարանը մերժել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը։ Այդ մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Առուշ Առուշանյանը:
«Դատարանն ապահովվեց օբյեկտիվությունը։ Շինծու գործեր էին, հետևաբար արդարությունը հաղթեց», - ասել է Առուշանյանը։
Ըստ փաստաբան Արմեն Մելքոնյանի՝ դատարանը ՔԿ վարչության պետի միջնորդությունը մերժել է հիմքերի բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում Գորիս համայնքի ղեկավար Ա. Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
--00—ԼՄ