ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 12, 24News
Հայաստանի 10 լրագրողական հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ խորը մտահոգություն են հայտնել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում զինծառայողների ծնողների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյայի և լրատվական կայքի օպերատորի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Հայտարարության մեջ նշված է.
«Հունվարի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում զինծառայողների ծնողների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժարվել է ներկայանալ, ԶԼՄ-ներին արգելել է նկարահանումներ իրականացնել։ Ապա վեճ է սկսվել նրա ու «24News» լրատվական կայքի օպերատոր Ժորա Հովսեփյանի միջև, երբ վերջինս ասել է, որ միայն խմբագրի համաձայնությամբ կդադարեցնի ուղիղ եթերի հեռարձակումը։ ՊՆ պաշտոնյան փորձել է նաև հարվածել օպերատորին, սակայն հարվածը դիպել է տեսախցիկին։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք արտահայտում այս միջադեպի կապակցությամբ։ Եթե ընդունենք, որ ռազմական համալսարանը հատուկ պահպանվող հաստատություն է, և լրատվամիջոցների գործունեության համար համապատասխան կարգ է նախատեսված, այդուհանդերձ, ծագած խնդիրը պաշտոնյան պարտավոր էր լուծել քաղաքակիրթ եղանակով, այլ ոչ թե փորձեր բռունցքներով «հաշիվ մաքրել»։ Տարակուսանք է առաջացնում նաև միջադեպի վայրում ոստիկանների պասիվ կեցվածքը մինչ այն պահը, երբ վեճը հասավ քաշքշոցի։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․
- Պաշտպանության նախարարությանը՝ ճշտել միջադեպի մասնակից բարձրաստիճան սպայի ինքնությունն ու ծառայողական քննություն նախաձեռնել՝ նրա գործողությունների իրավաչափությունը ճշտելու համար։
- Ոստիկանությանը՝ առավելագույն պրոֆեսիոնալիզմ դրսևորել՝ օրենքի սահմաններում հաղթահարելու կոնֆլիկտները, որոնք այս ծայրահեղ լարված հասարակական-քաղաքական պայմաններում ծագում են լրատվամիջոցների աշխատանքում՝ թե պաշտոնատար անձանց, թե շարքային քաղաքացիների հետ շփվելիս։
- Լրատվամիջոցներին՝ կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորել արժանապատիվ կեցվածք, մնալ էթիկայի նորմերին հավատարիմ, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահներին»։
--00--ԱՀ