ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ առաջիկայում իտալական «Ռոմայի» հետ բանակցություններ կսկսի գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում: 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում: Իտալական մամուլի համաձայն՝ կողմերը պայմանագիրը կերկարաձգեն մեկ տարով:
««Ռոման» հավատաց ինձ: Իմ խաղից կարող եք նկատել, որ ես երջանիկ եմ այստեղ: Հիմա չկա ժամանակ պայմանագրի մասին խոսելու համար: Օրեր առաջ մենք խաղացինք «Ինտերի» հետ, իսկ առաջիկայում «Լացիոյի» դեմ հանդիպումն է: Շուտով կզրուցենք»,- Մխիթարյանի խոսքը News.am Sport-ի հաղորդմամբ՝ մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):
--00—ՄՀ