ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը,Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է , որ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք»խմբակցությունը ունի նոր ղեկավար՝ Գագիկ Բաղունցը:
Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո, խորհրդարանն անցել է փետրվարի 4-ի նիստի օրակարգի հարցերին:
Մինչ «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ամփոփել է բյուջեի շուրջ խմբակցություններում և հանձնաժողովներում ծավալված նախնական քննարկումների արդյունքները և ներկայացրել խորհրդարանի հերթական նիստում նախագծի քննարկման՝ կանոնակարգով սահմանված ընթացակարգը:
Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին և առանձնացրել գալիք տարում պլանավորված ոլորտային ծախսերը: Խոսելով ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ արված առաջարկությունների մասին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ նախագծի նախնական քննարկումների արդյունքում կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ 24 առաջարկություն՝ գրեթե 1մլրդ 50մլն դրամ գումարային ծավալով:
Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները ֆինանսների նախարարին առաջադրել են վարկերի սպասարկման համար կառավարության կողմից ֆինանսավորման, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման փոխհատուցման սահմանաչափերի վերանայման, տեղահանված բնակիչների բնակվարձի փոխհատուցմանը,բնակֆոնդի դեֆիցիտին և այլ թեմաների վերաբերյալ հարցեր: Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հավելեց,որ 2021թ պետական բյուջեի ֆինանսասավորումը հիմնականում ուղղվելու է սոցիալական ոլորտին:
Հարակից զեկույցներ են ներկայացրել Ազգայն ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը՝ դրական եզրակացությամբ ամփոփելով նախագծի հանձնաժողովային քննարկումների արդյունքները:
Գլխադասային հանձնաժողովների նախագահները պատասխանեցին պատգամավորների հնչեցրած հարցերին:
Մտքերի փոխանակության ընթացքում ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք »խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը:
--00--ԱՀ